Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ներմուծվող պողպատի վրա 25 %, ալյումինի վրա 10 % մաքսատուրքի սահմանման մասին, արտասահմանյան փորձագետներն ու լրագրողները զայրացած արձագանքեցին: Թրամփին մեղադրեցին, որ նրա քաղաքականությունն ուղղված է «գլոբալ տնտեսության ապակայունացմանը», նշեցին, որ նոր տուրքը կարող է «կանգնեցնել համաշխարհային առևտրի աճը» (թեպետ համաշխարհային առևտրի մակարդակը կրճատվում է 2011-ից): ԱՄՆ նախագահի քննադատները նրան մեղադրեցին «առևտրական պատերազմ» սկսելու մեջ: Կանադայի ու ԵՄ քաղաքական ղեկավարությունը սպառնաց պատասխան քայլեր անել: Չինաստանը ոչ մի սպառնալիք չհնչեցրեց, բայց փորձագետները սպասում են, որ շուտով կարձագանքի` գրում է Սալվատորե Բաբոնեսը The National Interest-ում:
Լիովին հավանական է, որ այդ փորձագետներից քչերն էին տեղյակ ԱՄՆ առևտրի նախարարության 2 մանրամասն հաշվետվություններին, որ նպաստեցին տուրքերի սահմանման որոշումն ընդունելուն կամ Պենտագոնի հուշագրին, որ հաստատում էր առևտրի նախարարության եզրակացությունները: Առևտրի նախարարության առաջարկած և Թրամփի հաստատած տուրքերի նպատակը Չինաստանին դեմպինգի համար պատժելը չէ կամ ազատ առևտրին վերջ դնելը: Տուրքերը մեծացվել են, որ ԱՄՆ-ը կարողանա պահպանել պողպատի ու ալյումինի իր սեփական արտադրությունը: Տուրքերը պետք են, որ ԱՄՆ արտադրողները ապագայի հեռանկարներ ունենան, այլ ոչ թե այսօր շահույթ ստանան: Տուրքի մեծացումը Չինաստանի դեմ չէ: Չինաստանի պետական խոշոր պողպատաձուլական ու ալյումինի արտադրությունները կարող են կորցնել որոշակի դիրքեր համաշխարհային շուկաներում, սակայն չինական պողպատն ու ալյումինը ԱՄՆ ներմուծումների փոքր մասն են (2,2 %` պողպատ և 10,6 %` ալյումին): Իրականում Կանադան ու ԵՄ երկրները վաղուց են սուբսիդավորում իրենց սեփական արտադրություններն ու մեծ տուրքեր են սահմանում չինական պողպատի վրա իբրև դեմպինգի պատասխան: ԱՄՆ-ի հակադեմպինգային քայլերն ավանդաբար ավելի մեղմ էին: Որոշ իմաստով Թրամփը միայն օգտվել է ամբողջ աշխարհում գործող պրակտիկայից: Փաստ է, որ աշխարհում ավելի շատ պողպատ ու ալյումին է արտադրվում, քան օգտագործվում է: Գլոբալ ցնցումն անխուսափելի էր: Բնական է, որ յուրաքանչյուր երկիր շահագրգռված է, որ իր սեփական արտադրությունը ցնցումից վերապրածների թվում լինի: Վերջին 20 տարում ազատ շուկայի ձգտումը, տհաճությամբ սուբսիդիաների տրամադրումը, բավականաչափ ընտրողաբար տուրքերի ներմուծումը և իրենց ազգային ռազմավարական ճյուղերից հրաժարումը հանգեցրին նրան, որ ԱՄՆ-ը հետևողականորեն զիջեց շուկայի իր մասնաբաժինը արտասահմանյան մրցակիցներին: Թրամփի հավանությունը ստացած տուրքերը վկայում են, որ ԱՄՆ-ը վճռել է բաժանարար գիծ քաշել այսօրվա վիճակի ու 20-ամյա նահանջի միջև:
Մեկնաբանելով ԱՄՆ առևտրի նախարարության հաշվետվությունները` Պենտագոնը նշել է, որ դա «անբարեխիղճ առևտրական պրակտիկայի պարբերաբար կիրառում է` ուղղված մեր իննովացիոն ու արտադրական բազայի ծրագրված ոչնչացմանը և ազգային անվտանգության ռիսկ է ստեղծում»: Պենտագոնում համաձայն են առևտրի նախարարության եզրակացությանը, որ պողպատի ու ալյումինի ներմուծումը անբարեխիղճ առևտրական հիմքերով վնասում է ազգային անվտանգությանը: Առևտրի նախարարության առաջարկած 3 ելքերից Պենտագոնն ընտրել է երկրորդ տարբերակը` նպատակային տուրքեր համընդգրկուն տուրքերի ու քվոտաների փոխարեն: Դա ռազմավարության, ոչ թե սկզբունքի հարց է: ԱՄՆ ՊՆ-ում նշել են, որ բոլոր երկրների համար տուրքերի մեծացումը կարող է հանգեցնել բացասական ներգործության ԱՄՆ «առանցքային դաշնակիցների» համար:
Այդ պատճառով Պենտագոնն ընտրել է նպատակային տուրքերը այն երկրների նկատմամբ, որ ԱՄՆ դաշնակիցը չեն, բացառությամբ Հարավային Կորեայի: Պենտագոնն ընդունում է, որ նպատակային տուրքերի սահմանումը որոշակի իրավաբանական բարդությունների կհանդիպի, որովհետև ալյումինի ու պողպատի ներմուծումը կարող է բազում երկրներով անցնել` մինչև ԱՄՆ հասնելը: Առևտրի նախարարությունում նշել են, որ նպատակային տուրքերի ներմուծման դեպքում տուրքերը պետք է կազմեն պողպատի դեպքում` 53 %, ալյումինի դեպքում` 23,6 %: Թրամփի հավանությանն արժանացած տուրքերը հեշտ է սահմանել և բարդ է խուսափել: Պողպատի ու ալյումինի ներկրման տուրքերի միասնական մակարդակի սահմանումը վկայում է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ձեռքերը ծալած սպասել մինչև իր արդյունաբերությունը մեռնի: Որոշ երկրներ ստիպված կլինեն հրաժարվել իրենց մետաղաձուլական ու ալյումինի արտադրությունից, ԱՄՆ-ը նրանց թվում լինել չի ցանկանում:
Երկրները, որ հասել են պողպատի ու ալյումինի բարձր արտադրության, պետք է պատասխանատու վերաբերմունք ունենան` վերացնելով իրենց ուռճացված արդյունաբերական բազաները: Քանի դեռ նրանք դա չեն անում (որևէ նշան չկա, որ մտադիր են անել), ԱՄՆ կառավարությունը պետք է այնպես գործի, որ արդարացի գին ապահովի այն սակավ արտադրողների համար, որ կարողացել են վերապրել:
The National Interest
Հ.Գ. Եվրոպան համաձայն չէ: Օրինակ` Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է հակազդի պողպատի և ալյումինի ներմուծման հարկեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Նա ընդգծել է. «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ միջազգային առևտրական հակամարտությունից խուսափելու համար»: Գաբրիելի կարծիքով` ԱՄՆ-ի որոշումը սպառնալիքի տակ է դնում Եվրոպայում հազարավոր աշխատատեղերի ապագան, և «ԵՄ-ն պետք է վճռականորեն հակազդի»: Մինչ Եվրոպան ու Չինաստանը հակազդեցության միջոցներ կորոնեն, Հայաստանը պետք է հասկանա` ի՞նչ է անելու իր հումքի արտահանման հետ: Հայաստանում դեռ չեն հասել գոնե առավել թանկ համաձուլվածք արտահանելու մակարդակին` առաջնորդվելով էժան հումքի արտահանման դյուրինությամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ